Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ի՞նչ հարցեր է լուծում ՀՀ վարչապետը Փարիզում

Ի՞նչ հարցեր է լուծում ՀՀ վարչապետը Փարիզում
04.07.2015 | 15:06

Հուլիսի 3-ին Փարիզում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Նա շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյա կապերը և Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ և հոգատար վերաբերմունքի է արժանացել թե ժողովրդի, թե իշխանությունների կողմից: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջխորհրդարանական սերտ համագործակցությունը և Հայաստանի ու Ֆրանսիայի խորհրդարանների հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա կարևորել է, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների այցերը Հայաստան հաճախ զուգորդվում են Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում»,- նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013 թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ: «Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող խորին երախտագիտություն չհայտնել 2001 թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարևորել միջխորհրդարանական կապերի, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը: ՀՀ վարչապետը արժևորել է Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:
Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին: Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»: Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007 թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան: «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը:
Վարչապետները բարձր են գնահատել Ֆրանսիայի հայ համայնքի դերը: Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների գործունեությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան- Եվրամիություն համագործակցության հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի, կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ